«Մարսելի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում

Սաուդյան «Ալ-Հիլալը» պայմանավորվել է ֆրանսիական «Մարսելի» հետ բրազիլացի պաշտպան Ռենան Լոդիի տրանսֆերի հարցում, հայտնում է Footmercato-ն։

Աղբյուրի համաձայն՝ սաուդցիները ֆրանսիական ակումբին կվճարեն 22 միլիոն եվրո գումարած ևս 3 միլիոն եվրո բոնուսների տեսքով: Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստի աշխատավարձը կեռապատկվի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այս գործարքից տոկոս կստանա Մադրիդի «Ատլետիկոն», որի կազմում Լոդին հանդես է եկել 2019-2023 թվականներին։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 23 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը։