Երևանի «Արարատից» 7 ֆուտբոլիստ է հեռացել (լուսանկարներ)

Երևանի «Արարատը» հայտարարել է 7 ֆուտբոլիստի հեռանալու մասին: Ակումբի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ փոխադարձ համաձայնությամբ պայմանագրերը խզել են Խուան Բրավոն, Էդգար Մալաքյանը, Ալիկ Առաքելյանը, Արտյոմ Պոտապովը, Արման Մկրտչյանը, Բաբու Չամը և Տիմուր Պուխովը։

«Արարատի» մամլո-ծառայությունը տեղեկացնում է, որ ֆուտբային ակումբը շնորհակալություն է հայտնում նշված ֆուտբոլիստներին կատարած պրոֆեսիոնալ աշխատանքի համար և մեծ հաջողություններ է մաղթում հետագա կարիերայում։

Կոլումբիացի պաշտպան Խուան Բրավոն 2020/21 մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Բարձրագույն խմբում անցկացրած 64 խաղում Բրավոն դարձել է 4 գոլի հեղինակ։ Խուան Բրավոն «Արարատի» կազմում նվաճել է Հայաստանի գավաթը։

2020/21 մրցաշրջանից առաջ «Արարատը» համալրած ֆուտբոլիստներից էր նաև Էդգար Մալաքյանը։ Նա միանգամից դարձավ թիմի առաջատարներից մեկը։ Էդգար Մալաքյանը մասնակցել է Բարձրագույն խմբի 59 խաղի և դարձել է 10 գոլի հեղինակ, ինչպես նաև դարձել է Հայաստանի գավաթակիր։

Ալիկ Առաքելյանը 2021-ի ամռանը համալրեց «Արարատի» շարքերը։ Նա «Արարատի» կազմում անցկացրել է առաջնության 44 խաղ և դարձել է 5 գոլի հեղինակ։

Դարպասապահ Արտյոմ Պոտապովը նախորդ ամռանն էր միացել «Արարատին» և թիմի հիմնական դարպասապահն էր 2022/23 մրցաշրջանի առաջին հատվածում։ Նա անցկացրել է առաջնության 20 հանդիպում։


Արման Մկրտչյանը նույնպես ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ էր միացել «Արարատին»։ Նա «Արարատի» մարզաշապիկով Բարձրագույն խմբի 13 հանդիպման է մասնակցել։


Գամբիացի հարձակողական ոճի կիսապաշտպան Բաբու Չամը «Արարատի» կազմում մասնակցել է Բարձրագույն խմբի 8 հանդիպման։

«Արարատի» կազմում իր ելույթներն ավարտում է նաև ռուս կիսապաշտպան Տիմուր Պուխովը: Վերջինս մասնակցել է Բարձրագույն խմբի յոթ հանդիպման: