Արտակ Գրիգորյան․ «Մարզիչների դերը կարևոր է, նրանք կարողանում են մեր համար գտնել խաղային ճիշտ դիրք»

PROFFOOTBALL-ը զրուցել է «Ալաշկերտի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի հետ։

– Արտակ, Դուք երկար տարիներ խաղում եք «Ալաշկերտում»։ Մտածո՞ւմ էիք «Ալաշկերտ» գալուց առաջ, որ այսքան երկար կմնաք այստեղ, և ո՞րն է այն կապը, որը Ձեզ պահում է թիմում։
– Ես ունեմ այնպիսի բնավորություն, որ միշտ ձգտել եմ առավելագույնին, որ թիմում էլ որ խաղացել եմ։ Գիտեք, որ ես իմ կարիերայի բոլոր թիմերում երկար եմ մնացել, բացառությամբ «Միկայի»։ Պատճառները բոլորս գիտենք։ Ես արդեն 8 տարի է «Ալաշկերտում» եմ։ Ինձ համար «Ալաշկերտում» մնալու հիմնական կապը եղել է այն, որ ակումբը շատ պայքարող թիմ է թե՛ Եվրագավաթներում և թե՛ Հայաստանում։ Երբ եկա «Ալաշկերտ», թիմն այդ մրցաշրջանում չեմպիոն դարձավ։ Այս թիմը նաև նպատակասլացություն ունի և որն ամենակարևորն է, կարողանում է բարձր ճնշման տակ խաղալ։

– Հավաքականում Ձեր գոլը շատ հիշարժան խաղում ստացվեց։ Մրցում էինք Մոնտենեգրոյի դեմ։ Ի՞նչ կհիշեք այդ խաղից ու ինչպե՞ս ստացվեց, որ որոշեցիք նման անցում ձեռնարկել: Չէ՞ որ Դուք հենակետային գոտում եք գործում, և նման խաղացողներին հատուկ չէ դրիբլինգը։
– Հավաքականի հանդիպմանը մասնակցելը ամենակարևոր ու ամենամեծ ապրումներից է։ Ինձ համար հիշարժան ու պատմական էր այդ հանդիպումը, քանի որ գոլի հեղինակ դարձա դժվարին ու կարևոր խաղում, որտեղ կարողացանք հաղթել։ Գոլային դրվագը պարզապես ֆուտբոլային պահ էր, այն չես կարող բացատրել։ Իմ առջև բացվեց ազատ տարածություն, դրիբլինգ արեցի, հետո պատ խաղարկեցի Կորյանի հետ ու հարված կատարեցի դարպասին, չնայած հարվածը ուժեղ չէր, բայց անդրադարձից հետո գնդակը հայտնվեց դարպասում։ Աննկարագրելի էր այդ պահը (Խմբ.- գոլը՝ հարցազրույցի վերջում):
Կարծում եմ, որ այն ֆուտբոլիստները, ովքեր հավաքականում խաղալու սկզբնական հատվածում գոլ են խփում, աննկարագրելի ապրումներ են ունենում, ու դժվար է լինում բացատրել այդ ուրախությունը։

– Ի՞նչ տարբերություններ կան այդ ժամանակվա հավաքականի ու այսօրվա հավաքականների միջև։
– Ամեն տարի հավաքականի կազմը փոփոխվում է, ֆուտբոլիստներն ավարտում են իրենց կարիերան, նոր սերունդ է գալիս։ Այս ամենը ֆուտբոլում բնական է, սակայն չենք կարող այն ժամանակվա թիմը համեմատել այսօրվա թիմի հետ, քանի որ նաև մրցակից թիմերում են տեղի ունենում այդ նույն փոփոխությունները, ու նոր սերունդներ են գալիս։

– «Ալաշկերտի» մասին ի՞նչ կասեք։ Չեմպիոնության հույս կա, թե՞ շեշտը դրված էր Եվրագավաթներում հայտնվելու համար։
– Եթե փորձենք իրատեսորեն նայել, ապա հնարավորություն չկա, սակայն ես՝ որպես թիմի ավագ, կարող եմ ասել, որ ամեն խաղի մենք դուրս ենք գալիս խաղադաշտ՝ հաղթելու համար։ «Ալաշկերտը» պայքարում է մինչև վերջ, մինչև պարզ չդառնա հաղթողը։ Չեմպիոնության շանս կարելի է ասել, որ չկա։

– Վստահ եմ, որ Ձեզ մարզած բոլոր մարզիչները Ձեր կարիերայում կարևոր են եղել։ Հատկապես ո՞ւմ կնշեք, ում հետ Ձեր խաղը հրաշալի էր ստացվում, այսպես ասած՝ լեզու էիք գտնում։
– «Ալաշկերտում» միշտ հանդես են եկել փորձառու ֆուտբոլիստներ։ Մեր մարզիչների դերը շատ կարևոր է թիմում, քանի որ կարողանում են յուրաքանչյուրի համար գտնել խաղային լավ դիրք։ Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին։ Բոլորն էլ հաջողություններումս նշանակություն են ունեցել։ Մեր թիմի հաջողության բանալին փորձառու ֆուտբոլիստներ ունենալն ու մարզիչների՝ իրենց ճիշտ դիրքում օգտագործելն են։