Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։
Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը:
ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի․
| Ակումբ | Առաջնություն | Գումար (Եվրո) |
| Ուրարտու | ՀՊԼ | 250.000 |
| Շիրակ | ՀՊԼ | 145.000 |
| Վան | ՀՊԼ | 135.000 |
| Նոա | ՀՊԼ | 120.000 |
| Ալաշկերտ | ՀՊԼ | 120.000 |
| Արարատ | ՀՊԼ | 120.000 |
| Արարատ-Արմենիա | ՀՊԼ | 115.000 |
| Lեռնային Արցախ | ՀՊԼ | 150.000 |
| Վեստ Արմենիա | ԱԽ | 45.000 |
| Գանձասար | ԱԽ | 40.000 |
| Միկա | ԱԽ | 40.000 |
| Սյունիք | ԱԽ | 30.000 |
| Oնոր | ԱԽ | 15.000 |
| Նիկարմ | ԱԽ | 15.000 |
| Անդրանիկ | ԱԽ | 15.000 |
Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների, համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»։
Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց հաջորդ՝ 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման կարգի փոփոխությունը, որի արդյունքում սահմանվեցին ստորև ներկայացվող չափորոշիչները՝
1. Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը պետք է կազմի ընդհանուր գումարի նվազագույնը 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։
2. ID Bank Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը:
3. Որոշվեց 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝
ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%
Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%
Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%
Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%։