ՀՖՖ-ն ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել է ակումբների միջև

Դեկտեմբերի 27-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ Գործադիր կոմիտեի հերթական նիստը, հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը։

Նիստի առաջին հարցը նվիրված էր 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման գործընթացի կազմակերպմանը:

ՀՖՖ Գործադիր կոմիտեն որոշեց ՀՖՖ-ին հասանելիք ընդհանուր 1 միլիոն 355 հազար եվրո գումարը բաշխել IDBank Պրեմիեր լիգայի և Հայաստանի Առաջին խմբի առաջնության մասնակից 15 ակումբների միջև անհավասարաչափ (տոկոսային հարաբերակցությամբ)՝ համաձայն 2022 թվականի դեկտեմբերի 16-ին կայացած ՀՖՖ գործադիր կոմիտեի նիստում հաստատված չափորոշիչներիի․

Ակումբ Առաջնություն Գումար (Եվրո)
Ուրարտու ՀՊԼ 250.000
Շիրակ ՀՊԼ 145.000
Վան ՀՊԼ 135.000
Նոա ՀՊԼ 120.000
Ալաշկերտ ՀՊԼ 120.000
Արարատ ՀՊԼ 120.000
Արարատ-Արմենիա ՀՊԼ 115.000
Lեռնային Արցախ ՀՊԼ 150.000
Վեստ Արմենիա ԱԽ 45.000
Գանձասար ԱԽ 40.000
Միկա ԱԽ 40.000
Սյունիք ԱԽ 30.000
Oնոր ԱԽ 15.000
Նիկարմ ԱԽ 15.000
Անդրանիկ ԱԽ 15.000

Համաձայն ՈՒԵՖԱ-ի կողմից սահմանված պահանջների, համերաշխության վճարները չեն բաշխվում տվյալ մրցաշրջանում ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խմբային փուլին մասնակցած ակումբներին։ Այս պարագայում, 2022/2023թթ ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարներից անմասն կմնա 2022/2023թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլին մասնակցած «Փյունիկը», ինչպես 2021/2022թթ. մրցաշրջանում՝ «Ալաշկերտը»։

Օրակարգի երկրորդ հարցով քննարկվեց հաջորդ՝ 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարների բաշխման կարգի փոփոխությունը, որի արդյունքում սահմանվեցին ստորև ներկայացվող չափորոշիչները՝

1. Առաջին խմբի առաջնության ակումբների գումարային մասնաբաժինը պետք է կազմի ընդհանուր գումարի նվազագույնը 10%-ը և ոչ ավել քան 15%-ը։

2. ID Bank Պրեմիեր լիգայի մասնակից ակումբների միջև գումարների բաշխման արդյունքում ամենաշատ գումար ստացող և ամենաքիչ գումար ստացող թիմերի հասանելիք գումարների տարբերությունը չի կարող գերազանցել ամենաշատ գումար ստացող թիմի գումարի 50%-ը:

3. Որոշվեց 2023/2024թթ մրցաշրջանի ՈՒԵՖԱ-ի համերաշխության գումարները բաշխել հետևյալ չափանիշներով՝

ՀՖՖ կողմից կազմակերպվող մանկապատանեկան մրցաշարերին մասնակցող թիմերի քանակ – ոչ ավել քան 30%

Ակումբի ակադեմիայի կամ ֆուտբոլային ենթակառուցվածքի առկայություն – ոչ ավել քան 20%

Մարզային ակումբ – ոչ ավել քան 20%

Ակումբի մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի առկայություն և այդ ծրագրի համապատասխանելիություն ՀՖՖ մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման Ազգային ծրագրին – ոչ ավել քան 30%։