«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ չպետք է մտածի ռևանշի հասնելու մասին։
Մերսիսայդցիները 2018 թվականին մրցաշարի եզրափակչում պարտվեցին մադրիդյան ակումբին: Կիևում կայացած այդ խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի թիմի 3:1 հաշվով հաղթանակով։
«Նախ պետք է ասեմ, որ «Ռեալը» բարձրակարգ թիմ է, բարձրակարգ ակումբ։ Նրանք գիտեն, թե ինչպես հաղթել ֆուտբոլային հանդիպումներում։ Թիմի ողնաշարը, որի դեմ խաղացել ենք 2018 թվականին, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կիսապաշտպանությանը, դեռ կա։ Շատ առումներով ոչինչ չի փոխվել։ Կրիշտիանու Ռոնալդուն այլևս հարձակման գծում չէ, բայց Կարիմ Բենզեման դեռևս փայլուն մարզավիճակում է: Այժմ երիտասարդ բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն շատ բան են որոշում, սա իսկապես համաշխարհային մակարդակի թիմ է:
Իհարկե, զգացողություն կա, որ այս անգամ ուզում ենք ամեն ինչ ճիշտ անել, բայց դա չէ հիմնական գաղափարը։ Եթե մենք գնանք եզրափակիչ՝ ինքներս մեզ ասելով. «Ռևա՛նշ, վրե՛ժ» և նման այլ բաներ, ոչինչ չի ստացվի: Դա մենք չենք լինի: Մենք բոլորովին այլ կերպով ենք դուրս եկել եզրափակիչ։ Ուստի պետք է հավատարիմ մնանք մեր ոճին, ինչն էլ կանենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։