Յուրգեն Կլոպ. «Եթե եզրափակիչ գնանք՝ ասելով «Ռևա՛նշ, վրե՛ժ», ապա դրանից ոչինչ չի ստացվի»

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել է, որ իր թիմը Չեմպիոնների Լիգայի եզրափակչի՝ Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ չպետք է մտածի ռևանշի հասնելու մասին։ 

Մերսիսայդցիները 2018 թվականին մրցաշարի եզրափակչում պարտվեցին մադրիդյան ակումբին: Կիևում կայացած այդ խաղն ավարտվեց Զինեդին Զիդանի թիմի 3:1 հաշվով հաղթանակով։

«Նախ պետք է ասեմ, որ «Ռեալը» բարձրակարգ թիմ է, բարձրակարգ ակումբ։ Նրանք գիտեն, թե ինչպես հաղթել ֆուտբոլային հանդիպումներում։ Թիմի ողնաշարը, որի դեմ խաղացել ենք 2018 թվականին, հատկապես, եթե խոսքը վերաբերում է կիսապաշտպանությանը, դեռ կա։ Շատ առումներով ոչինչ չի փոխվել։ Կրիշտիանու Ռոնալդուն այլևս հարձակման գծում չէ, բայց Կարիմ Բենզեման դեռևս փայլուն մարզավիճակում է: Այժմ երիտասարդ բրազիլացիներ Վինիսիուս Ժունիորն ու Ռոդրիգոն շատ բան են որոշում, սա իսկապես համաշխարհային մակարդակի թիմ է:

Իհարկե, զգացողություն կա, որ այս անգամ ուզում ենք ամեն ինչ ճիշտ անել, բայց դա չէ հիմնական գաղափարը։ Եթե ​​մենք գնանք եզրափակիչ՝ ինքներս մեզ ասելով. «Ռևա՛նշ, վրե՛ժ» և նման այլ բաներ, ոչինչ չի ստացվի: Դա մենք չենք լինի: Մենք բոլորովին այլ կերպով ենք դուրս եկել եզրափակիչ։ Ուստի պետք է հավատարիմ մնանք մեր ոճին, ինչն էլ կանենք»,- Կլոպի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։