Խաբի Ալոնսոն նոր ցուցումներ է տվել Վինիսիուս Ժունիորին

Մադրիդի «Ռեալի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն սկսել է վերափոխումների իր գործընթացը՝ շեշտը դնելով թիմային խաղի վրա։ Ինչպես հայտնում է Sport.es-ը, Ակումբային աշխարհի առաջնությունում «Ալ-Հիլալի» հետ 1-1 ավարտված հանդիպումից հետո Ալոնսոն անհատական քննարկում է անցկացրել Վինիսիուս Ժունիորի հետ։

Աղբյուրի համաձայն՝ իսպանացի մասնագետը դժգոհություն է հայտնել Վինիսիուսի պահվածքից խաղադաշտում՝ մասնավորապես նշելով, որ նա միշտ չէ, որ կատարում է առանց գնդակի խաղային պարտականությունները, օրինակ՝ մրցակցի նկատմամբ անհրաժեշտ ճնշում չի կիրառում։ Ալոնսոն խնդրել է բրազիլացուն ավելի կենտրոնանալ թիմային աշխատանքի վրա և խուսափել պասիվ պահվածքից։

Թեև Ալոնսոն գիտակցում է, որ Վինիսիուսի անհատական ազատությունը նրա խաղի առանցքային մասն է, նա հավատում է, որ եթե հաջողվի համատեղել բրազիլացու ստեղծագործական ոճը թիմային կարգապահության հետ, ապա դա զգալիորեն կբարձրացնի «Ռեալի» արդյունավետությունը։

Հիշեցնենք, որ Խաբի Ալոնսոյի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակման մասին «Ռեալը» հայտարարել էր մայիսի 25-ին։