«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին չի շտապում միանալ լոնդոնյան «Արսենալին»։ Թեև տարբեր աղբյուրներ դեռևս 2024/25 մրցաշրջանի ավարտից շատ առաջ հայտնել էին «զինագործների» և ֆուտբոլիստի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին, սակայն իրավիճակը մինչ օրս հստակ չէ։
Marca-ի փոխանցմամբ՝ 26-ամյա ֆուտբոլիստը ժամանակավորապես հետաձգել է իր տրանսֆերը «Արսենալ», քանի որ սպասում է Մադրիդի «Ռեալի» հնարավոր առաջարկին։ Լուրերի համաձայն՝ «արքայական ակումբի» նորանշանակ գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ցանկանում է իր թիմում տեսնել իսպանացուն, ում հետ նախկինում աշխատել է «Ռեալ Սոսյեդադում»։
Transfermarkt պորտալի գնահատմամբ՝ Մարտին Սուբիմենդիի շուկայական արժեքը կազմում է 60 միլիոն եվրո։ Նրա գործող պայմանագիրը բասկյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։