Անխել Կորեան անսպասելի տարբերակ է ընտրել կարիերան շարունակելու համար

«Ատլետիկո Մադրիդի» հարձակվող Անխել Կորեան բանավոր համաձայնության է եկել մեքսիկական «Տիգրես» ակումբ տեղափոխվելու հարցում։ Այս մասին հայտնում է լրագրող Մատեո Մորետտոն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը մոտ են արգենտինացի ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության գալուն՝ մոտավորապես 6 միլիոն եվրոյի դիմաց։

Անխել Կորեան Արգենտինայի հավաքականի կազմում 2022 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն է։ Նա «Ատլետիկոյում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից, բոլոր մրցաշարերում մասնակցել է 463 հանդիպում, խփել 87 գոլ և կատարել 65 գոլային փոխանցում։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրը մադրիդյան թիմի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։