Էրիկ տեն Հագը կհեռանա «Մանչեսթեր Յունայթեդից»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Անգլիայի գավաթի եզրափակչից հետո կհեռանա թիմից, հայտնում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն։

Ըստ աղբյուրի՝ ակումբի ղեկավարությունն արդեն որոշել է համապատասխան թեկնածուներ 54-ամյա մասնագետին փոխարինելու համար։ Նրանք են Մաուրիսիո Պոչետինոն, ով նախկինում հեռացվել էր «Չելսիից», «Բրայթոնի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին և Կիրան ՄաքՔենը, ով «Իպսվիչին» տեղափոխեց Պրեմիեր Լիգա։

Տեն Հագը գլխավորում է «Մանչեսթեր Յունայթեդը» 2022 թվականի ամռանից։ Նրա գլխավորությամբ թիմը Անգլիայի առաջնությունում մրցաշրջանի ավարտին 60 միավորով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։ Սա «կարմիր սատանաների» վատագույն արդյունքն է մրցաշարում վերջին 34 տարվա ընթացքում։

Մայիսի 25-ին «Մանչեսթեր Յունայթեդը» Անգլիայի գավաթի եզրափակչում կմրցի «Մանչեսթեր Սիթիի» հետ։