Վինիսիուս Ժունիոր. «Ես ամեն ինչ արեցի, որպեսզի նա միանա «Ռեալին»»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորն ասել է, որ օգնել է Ջուդ Բելինգհեմին մադրիդյան ակումբ բերել։
Լա Լիգայի 36-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Ալավեսին» (5:0): Վինիսիուսը դուբլի հեղինակ դարձավ, իսկ Բելինգհեմը գոլի հեղինակ դարձավ և երկու գոլային փոխանցում կատարեց, որոնցից մեկը՝ բրազիլացուն։

«Ես ամեն ինչ արեցի, որպեսզի Ժուդը միանա «Ռեալին»։ Ես նրա մեծ երկրպագուն եմ: Հուսով եմ, որ նա կդառնա Լա Լիգայի լավագույն ռմբարկուն։ Ես ուզում եմ օգնել նրան այս հարցում: Ես ու Ջուդը հիանալի փոխըմբռնում ունենք»,- Վինիսիուսի խոսքերն է մեջբերում Madrid Zone-ն։

Առաջնության ավարտից երկու տուր առաջ Բելինգհեմը Լա Լիգայի ռմբարկուների ցուցակի երկրորդ տեղը կիսում է «Վիլյառեալից» Ալեքսանդր Սերլոթի հետ (19-ական)։ Մրցավազքում առաջատարը «Ժիրոնայի» հարձակվող Արտեմ Դովբիկն է (20)։