«Բայեր Լևերկուզենի» առաջատարը կմնա թիմում ևս մեկ մրցաշրջան

«Բայերի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆլորիան Վիրցն առաջիկա ամառ չի հեռանա լևերկուզենյան ակումբից՝ չնայած նրա նկատմամբ մի շարք եվրոպական հսկաների, առաջին հերթին՝ «Բավարիայի» հետաքրքրությանը։ Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցցանցում (նախկինում՝ Twitter):

Ըստ աղբյուրի՝ 20-ամյա ֆուտբոլիստը որոշել է հաջորդ մրցաշրջանն անցկացնել «Բայերում»: Միևնույն ժամանակ, Վիրցը թույլ է տալիս մեկ մրցաշրջանից հետո տեղափոխվել «Բավարիա»: Այդուհանդերձ, գերմանացի կիսապաշտպանը «Բավարիային» դիտարկում է որպես ցատկաքար արտերկիր մեկնելուց առաջ:

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Վիրցը բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, որոնցում դարձել է 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 110 միլիոն եվրո։