Խուլեն Լոպետեգին կարող է գլխավորել իտալական ակումբը

Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին մարզիչ Խուլեն Լոպետեգին «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնում Ստեֆանո Պիոլիին փոխարինելու առաջատար թեկնածուներից է ։ Այս մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը։

Հրատարակության համաձայն՝ ակումբը Պիոլիին փոխարինելու հարցով, իր շորթլիստի բոլոր թեկնածուների թվում, հակված է Լոպետեգիին նշանակելուն։ Նշվում է, որ իսպանացի մասնագետն ինքը առաջարկ ունի անգլիական «Վեսթ Հեմից», սակայն ավելի շատ հետաքրքրված է «Միլանում» աշխատելով։ Սակայն աշխատանքային պայմանների շուրջ կողմերը դեռ համաձայնության չեն եկել։

Ավելի վաղ լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել էր, որ առաջիկա շաբաթների ընթացքում ակումբի ղեկավարությունը անհրաժեշտ քայլեր կձեռնարկի ներկայիս գլխավոր մարզիչ Պիոլիի հետ համագործակցությունը ժամանակից շուտ դադարեցնելու համար։

57-ամյա Լոպետեգին իր մարզչական կարիերայի ընթացքում աշխատել է իսպանական մի շարք թիմերում, այդ թվում՝ երկրի ազգային հավաքականում, Մադրիդի «Ռեալում» և «Սևիլիայում», ինչպես նաև պորտուգալական «Պորտուում»: Մարզչի վերջին աշխատանքը եղել է անգլիական Վուլվերհեմփթոն Ուոնդերերսում, որը նա գլխավորել է 2022 թվականի աշնանից մինչև 2023 թվականի ամառ։