Չավին կրկնել է «Բարսելոնայի» հակառեկորդը

«Բարսելոնան» Իսպանիայի առաջնության 32-րդ տուրում պարտվեց Մադրիդի «Ռեալին»՝ 2:3: Այսպիսով, «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին դարձավ կատալոնական ակումբի պատմության երկրորդ մարզիչը, ով չորս հանդիպում անընդմեջ պարտվել է Մադրիդի «Ռեալին»։

Չավին Իսպանիայի գավաթի 2022/23 խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում պարտվել է Անչելոտիի թիմին` 0:4, Սուպերգավաթում` 1:4, իսկ Լա Լիգայում երկու անգամ` 1:2 և 2:3:

Չավիից առաջ միակ մարզիչը, որը չորս անգամ անընդմեջ պարտվել է «Ռեալին», Պատրիկ Օ’Քոնելն էր, որը մարզել է «Բարսելոնան» 1935-1940 թվականներին։

Ընդհանուր առմամբ, Չավին Մադրիդի «Ռեալի» դեմ անցկացրել է 10 հանդիպում, որոնցից հաղթել է 4-ում և պարտվել 6-ում։

Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»: Մասնագետի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: Չավին բազմիցս նշել է, որ ընդունել է միակ ճիշտ որոշումը և չի պատրաստվում փոխել այն։