RFEF-ը չի տրամադրի «Բարսելոնային» Լամին Յամալի հարվածի տեսաձայնագրությունները

RFEF-ը բացատրել է, որ հրաժարվում է «Բարսային» տրամադրել Էլ-Կլասիկոյում Լամին Յամալի հարվածի տեսաձայնագրությունները:

Ավելի վաղ Ժոան Լապորտան  հայտնել էր, որ «Բարսելոնան» կպահանջի «Ռեալի» դեմ խաղի (2:3) դրվագի հետ կապված տեսաձայնագրություններ, որոնցում Յամալի հարվածից հետո գնդակը կարող էր հատել մադրիդյան դարպասի գիծը։ Կատալոնական ակումբի նախագահը հայտարարել է, որ մտադիր է կրկնություն պահանջել, եթե հաստատվի մրցավար Սեզար Սոտո Գրադոյի սխալը։ Սակայն մրցավարական կոմիտեն հրաժարվել է դրվագի տեսաձայնագրությունները փոխանցել «Բարսելոնային»։

Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) ասել է, որ մտադիր չէ որևէ նյութ տրամադրել հանդիպումներից, չնայած այն հանգամանքին, որ նախկինում նմանատիպ խնդրանքներ են ներկայացրել այլ ակումբներ։

Բացի այդ, ֆեդերացիան նաև բացառել է «Բարսելոնայի» ներկայացուցիչներին աուդիո և վիդեո ձայնագրություններ անձամբ ցուցադրելու հնարավորությունը՝ հայտարարելով, որ «ձայնագրություններն ընտրությամբ չեն տրամադրում»։ Նշվում է, որ դատավորների կոմիտեի ներկայացուցիչները «բաց են կառուցողական երկխոսության համար» Լապորտայի հետ։