2028 թվականին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը կարող է անցկացվել Թբիլիսիում

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է 2028 թվականին Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը Թբիլիսիում անցկացնելու մտադրության մասին։

Վրաստանի իշխանությունները 70 հազար հանդիսատեսի համար Թբիլիսիում ֆուտբոլային մարզադաշտ կկառուցեն, որը կարող է Չեմպիոնների Լիգայի եզրափակչի մակարդակով հանդիպումներ անցկացնել։

«Մենք ցանկանում ենք հայտարարել մի կարևոր մեգանախագծի մասին, որը վերաբերում է սպորտին, իսկ ավելի կոնկրետ՝ ֆուտբոլին և ռեգբիին։ Մենք ցանկանում ենք Թբիլիսիում կառուցել նոր մարզադաշտ, որը կսպասարկի այս երկու մարզաձևերը։

Այն կունենա 70000 հանդիսականի տարողություն և կլինի միջազգային ամենաբարձր չափանիշների մարզադաշտ, որը մեզ հնարավորություն կտա ընդունելու մեր մայրաքաղաքի ամենաբարձր կարգի հանդիպումները, այդ թվում՝ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչը։

Մենք կդիմենք Չեմպիոնների Լիգայի 2028 թվականի եզրափակիչն ընդունելու նոր մարզադաշտում»,- Կոբախիձեի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։