Ֆեդերիկո Վալվերդե. ««Մանչեսթեր Սիթին» ակնհայտորեն մեզնից ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն խոսել է «Մանչեսթեր Սիթիի» հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում թիմի հաղթանակի մասին։ Մադրիդյան ակումբը հաղթեց 11 մետրանոց հարվածաշարում։

««Մանչեսթեր Սիթին» ակնհայտորեն մեզնից ավելի լավ ֆուտբոլ էր ցուցադրում, բայց մենք «Ռեալն» ենք։ Ջուդ Բելինգհեմը ամեն խաղում պայքարում էր մինչև վերջ, նա համարձակություն ուներ 11 մետրանոցն իրացնելու համար, ինչը շատ բան է ասում նրա խիզախության մասին»,- Վալվերդեի խոսքերը մեջբերել է Madrid Zone-ը X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter)։

Նշենք, որ «Մանչեսթեր Սիթին» Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողն է։ Նախորդ տարի վճռորոշ խաղում թիմը 1։0 հաշվով հաղթեց Միլանի «Ինտերին»։

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կմրցի Մյունխենի «Բավարիայի» հետ։ Մյուս կիսաեզրափակիչում «Բորուսիան» կխաղա ՊՍԺ-ի հետ։