Լուիս Էնրիկե. «Մենք ընկնում ենք, բայց հետո նորից ոտքի ենք կանգնում»

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի՝ «Բարսելոնայի» հետ առաջիկա արտագնա պատասխան խաղի սպասելիքներով։

Թիմերի միջև Փարիզում կայացած առաջին խաղն ավարտվել է ՊՍԺ-ի պարտությամբ՝ 2։3 հաշվով։

«Իմ թիմի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է հաղթել: ՊՍԺ-ն երբեք չի անցել հաջորդ փուլ առաջին խաղում սեփական հարկի տակ պարտվելուց հետո, բայց այսօր կլինի այն օրը, երբ մենք դուրս կգանք և կշարժվենք առաջ։ Համոզված ենք, որ իրավիճակը շրջելու ենք։ Մենք ժամանակ ունեինք վերլուծելու և բարելավելու մեր խաղը։ Առաջին հանդիպումը շատ ծանր էր։ Արդյունքը չի արտացոլում այն, ինչին մենք արժանի էինք։

Մենք ընկնում ենք, բայց հետո նորից ոտքի ենք կանգնում։ Սա ամենաբարձր մակարդակի սպորտի էությունն է։ Վերջին մարզումներին ֆուտբոլիստները հիանալի տեսք ունեին։ Մեզ հաջողվեց հավուր պատշաճի նախապատրաստվել հանդիպմանը։ Մենք ցանկանում ենք խաղալ մեր սեփական ֆուտբոլը։ Կարծում եմ՝ խաղը նման կլինի առաջինին, երկու ուղղություններով էլ գոլերով»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա ապրիլի 16-ին Բարսելոնայում և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։