Էդին Թերզիչ․ «Հաջորդ փուլ դուրս գալը մեզնից է կախված»

Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Էդին Թերզիչը խոսել է Մադրիդի «Ատլետիկոյի» հետ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի առաջիկա պատասխան հանդիպման մասին։ Հանդիպումը կկայանա այսօր՝ ապրիլի 16-ին։ Առաջին խաղում «Բորուսիան» պարտվել էր 1։2 հաշվով։

««Ատլետիկոն» ստիպեց մեզ սխալվել նախորդ շաբաթ, բայց հիմա ամեն ինչ մեր ձեռքերում է լինելու։ Միայն մեզնից է կախված՝ դուրս կգանք հաջորդ փուլ։ Մենք գիտենք, որ մեր մրցակիցը շատ փորձառու է։ Մենք ցանկանում ենք ավելի լավ խաղալ առաջին րոպեներից։

«Ատլետիկոն» չի ներում սխալները։ Մենք գիտենք, թե ինչ չպետք է պատահի մեզ հետ։ Բայց ավելի կարևոր է, թե ինչպես ենք մենք վերաբերվում առաջին խաղում պարտվելուն: Մենք պատրաստ ենք ուղղել սխալները»,- Թերզիչի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։