Անգլիական գրանդը առաջատար է Ջամալ Մուսիալայի համար պայքարում

Մյունխենի «Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան կարող է փոխել ակումբային գրանցումը։

Լրագրող Միգել Դելեյնիի խոսքով՝ 21-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով մեծ հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթին»։ Հաղորդվում է, որ գերմանացի կիսապաշտպանի համար պայքարում «Սիթին» այս պահին առաջ է անցել «Լիվերպուլից», «Բարսելոնայից» և ՊՍԺ-ից:

Այս մրցաշրջանում Մուսիալան բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման, դարձել 12 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ «Բավարիայի» հետ գործող աշխատանքային պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ Մուսիալայի արժեքը կազմում է 110 մլն եվրո։