«Ատլետիկոյի» նախագահը խոսել է Ժոաու Ֆելիշի ապագայի մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» նախագահ Էնրիկե Սերեսոն կիսվել է իր կարծիքով թիմի վինգեր Ժոաու Ֆելիշի ապագայի մասին, ով այս մրցաշրջանում վարձավճարով հանդես է գալիս «Բարսելոնայում»։

«Նա խաղում է «Բարսելոնայում», և նորմալ է, որ ցանկանում է մնալ այնտեղ: «Բարսելոնային» բախտը կբերի հիանալի խաղացող ձեռք բերելով։ Ժոաուն ֆանտաստիկ ֆուտբոլիստ է։ Նա շատ լավ է տեղավորվել «Բարսելոնայում», և մենք նրան հաջողություն ենք մաղթում։ Չգիտեմ՝ ինչ ֆինանսական փոխհատուցում ենք ստանալու։ Այս մասին պետք է հարցնել տնտեսական փորձագետներին»,- Սերեսոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Ֆելիշը բոլոր մրցաշարերում մասնակցել է 35 հանդիպման, որոնցում դարձել է 9 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։