Ջուդ Բելինգհեմը որակազրկվել է երկու խաղով

Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին որակազրկել է ազգային առաջնության երկու խաղով, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Այսպիսով, Բելինգհեմը բաց կթողնի «Սելտայի» և «Օսասունայի» դեմ հանդիպումները։

Որակազրկման պատճառ է դարձել անհարգալից վերաբերմունքը Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի՝ «Վալենսիայի» դեմ խաղի (2:2) գլխավոր մրցավար Խեսուս Խիլ Մանսանոյի նկատմամբ։ Հանդիպման 90+9-րդ րոպեին Բելինգհեմը խփեց գոլ, որը կարող էր դառնալ իր թիմի համար հաղթական, սակայն Մանսանոն հնչեցրեց եզրափակիչ սուլիչը:

Եզրափակիչ սուլիչից հետո մրցավարը խաղադաշտից հեռացրեց Բելինգհեմին չափազանց կոպիտ խոսելու պատճառով: