Էրիկ տեն Հագը կշարունակի աշխատել անգլիական թիմում

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը կշարունակի աշխատել անգլիական թիմում։

Ինչպես հայտնում է լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը սոցիալական ցանցերում, «Մանչեսթեր Յունայթեդի» նոր սեփականատերերը տպավորված են հոլանդացի մասնագետի աշխատանքով և նրան տեսնում են որպես ակումբի երկարաժամկետ նախագծի մաս։

Տեն Հագը «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ է դարձել 2022 թվականի ամռանը՝ միանալով հոլանդական «Այաքսից»։ Ընդհանուր առմամբ, 53-ամյա մասնագետը բոլոր մրցաշարերում անցկացրել է 97 հանդիպում, որոնցից նրա թիմը հաղթել է 60-ում, 11-ը ոչ-ոքի է խաղացել, իսկ 26-ում պարտվել է։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վեցերորդ տեղում է։ «Կարմիր սատանաները» 25 խաղում ունեն 44 միավոր։

Հաջորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական մարզադաշտում կխաղա «Ֆուլհեմի» հետ, հանդիպումը կկայանա փետրվարի 24-ին։