Վալտեր Մացցարիի համար «Բարսելոնայի» դեմ խաղը կարող է վերջինը լինել

«Նապոլիի» գլխավոր մարզիչ Վալտեր Մացարին մոտ ժամանակներս կարող է հեռանալ թիմից, հայտնում է լրագրող Մատեո Մորետոն։

Ըստ աղբյուրի՝ 62-ամյա մասնագետի ճակատագիրը կորոշվի առաջիկա օրերին։ Նա կարող է հեռացվել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ փետրվարի 21-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ առաջին խաղից առաջ:

Ենթադրվում է, որ Մացցարիին փոխարինելու հիմնական թեկնածուն Սլովակիայի հավաքականի ներկայիս գլխավոր մարզիչ Ֆրանչեսկո Կալցոնան է, ով նախկինում եղել է նեապոլցիների մարզչական շտաբում։ Սպասվում է, որ նա կզբաղեցնի բազմաթիվ պաշտոններ։

«Նապոլին» այս մրցաշրջանում երկրորդ անգամ կարող է փոխել մարզչին. Մացցարին թիմը գլխավորեց նոյեմբերին, երբ հեռացավ Ռուդի Գարսիան:

24 տուրից հետո «Նապոլին» 36 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի տասներորդ տեղում է: