Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կարող էր հայտնվել «Ռեալում»

«Բարսելոնայի» նախկին հարձակվող Լուիս Սուարեսը խոստովանել է, որ կարող էր հայտնվել «Ռեալում», այլ ոչ կատալոնական ակումբում։

«Մունդիալ-2014-ից առաջ Մադրիդի «Ռեալը» ցանկանում էր ձեռք բերել ինձ։ Ամեն ինչ լավ էր ընթանում։ Նրանք մտածում էին Բենզեմային «Արսենալին» վաճառելու մասին, ամեն ինչ պատրաստ էր։

Երբ սկսվեց աշխարհի առաջնությունը, «Բարսան» մտավ մրցավազքի մեջ, և ակնհայտորեն ես նախընտրեցի նրանց: Կյելինիի հետ կապված իրավիճակի պատճառով Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունը սառեց, իսկ «Բարսան» ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեց։ Ի վերջո, ես երկու տարբերակ ունեի, և ես ընտրեցի «Բարսան», քանի որ դա իմ երազանքն էր»,- ասել է Սուարեսը La Mesa-ին:

Սուարեսը «Բարսելոնայում» խաղացել է 2014-ից 2020 թվականներին։ Նա կատալոնացիների կազմում անցկացրել է 283 հանդիպում, դարձել 195 գոլի և 113 գոլային փոխանցման հեղինակ։

Այս ձմռանը 37-ամյա ուրուգվայցին պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ։ Փետրվարին նա հայտարարեց, որ մտադիր է կարիերան ավարտել իր ներկայիս թիմի հետ։