Կեպա Արիսաբալագա. «Կռվելու եմ իմ տեղի համար»

Մադրիդի «Ռեալի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագան թիմի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտիի հետ զրույցում ասել է, որ չի պատրաստվում համակերպվել Անդրեյ Լունինի հետ մրցակցությանը։

«Պարոն, ես կռվելու եմ իմ տեղի համար։ Ես դեռ չեմ ասել իմ վերջին խոսքը»,- Կեպայի խոսքերն է մեջբերում Realmadridexclusivo-ն։

Հիշեցնենք, որ Կեպան Մադրիդի «Ռեալում» խաղում է մեկ տարի վարձավճարով։ Մադրիդյան ակումբը դարպասապահի հետ պայմանագիր է կնքել օգոստոսին՝ հիմնական դարպասապահի՝ բելգիացի Տիբո Կուրտուայի վնասվածքից հետո։

Այս մրցաշրջանում իսպանացի դարպասապահը «Լոս Բլանկոսի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել 17 գոլ և 7 հանդիպումներում անառիկ պահել դարպասը։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։