Միխայիլ Մուդրիկը կարող է գերմանական գրանդ տեղափոխվել

Մյունխենի «Բավարիան» դիտարկել է «Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկին վարձակալելու տարբերակը, սակայն որոշել է ժամանակից շուտ Բրայան Սարագոսային գնել «Գրանադայից»։ Այս մասին հայտնում է The Athletic-ի հայտնի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։

Աղբյուրի համաձայն՝ մյունխենցիները փոխարինող էին փնտրում վնասվածք ստացած Քինգսլի Կոմանին, երբ ուշադրություն դարձրին Մուդրիկի վրա։ Արդյունքում մյունխենյան ակումբի ղեկավարությունը պայմանավորվել է «Գրանադայի» հետ, որ Բրայան Սարագոսան, ում ձեռքբերման մասին «Բավարիան» հայտարարել էր դեռևս դեկտեմբերին, ձմռանը մեկնի Մյունխեն։ Հիշենք, որ իսպանացին Թոմաս Տուխելի թիմին պետք է միանար միայն հաջորդ ամառ։

Միխայիլ Մուդրիկը «Չելսի» է տեղափոխվել «Շախտյորից» անցյալ տարվա հունվարին 70+30 միլիոն եվրոյի դիմաց, այս մրցաշրջանում վինգերը «ազնվականների» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2031 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։