Մեհդի Թարեմին այս մրցաշրջանի վերջում կտեղափոխվի Ա Սերիայի գրանդ

«Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի վերջում կդառնա «Ինտերի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկամյա պայմանագրրի շուրջ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ Վերջնական պայմանավորվածություն է սպասվում Ասիայի գավաթի 2024 թվականի խաղարկության ավարտից հետո։ 31-ամյա հարձակվողն այս մրցաշարում ներկայացնում է Իրանի ազգային հավաքականը։

Թարեմին «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2020 թվականից։ Այս մրցաշրջանում հարձակվողը «Վիշապների» կազմում անցկացրել է 25 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է վեց գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 12 մլն եվրո։

Ավելի վաղ հայտնի էր դարձել «Նապոլիի» կիսապաշտպան Պյոտր Զելինսկու՝ ազատ գործակալի կարգավիճակով «Ինտեր» հնարավոր տեղափոխության մասին։