Կայլ Ուոքեր. «Մեսսին և Ռոնալդուն նույն մակարդակին են, ինչ Դե Բրույնեն»

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը համեմատել է իր թիմակից Կևին դե Բրույնեի ցուցադրած ֆուտբոլի մակարդակը հարձակվողներ Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի խաղի հետ։

«Աշխարհում մի քանի ֆուտբոլիստների մասին կարելի է ասել, որ Կևինի մակարդակին են: Օրինակ, Մեսսին ու Ռոնալդուն։ Բայց Կևինը ոչ մի կերպ չի զիջում այս զույգին։

Երբ Դե Բրույնեն խաղադաշտ դուրս եկավ «Նյուքասլի» դեմ խաղում, ամբողջ թիմը զգում էր թափ, էներգիա և հուզմունք: Նա մղում է ձեզ և դրդում է ավելի լավ խաղալ:

Կևինն իր լավագույն մարզավիճակում է, երբ գնդակը նրա ոտքերի մոտ է: Նա փոխանցումներ է կատարում, որոնք նույնիսկ տեսանելի չեն թվում»,- Ուոքերի խոսքերն է մեջբերում FIFPro-ն։

Անցած մրցաշրջանում Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի և 29 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 60 միլիոն եվրո։