Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածք է ստացել

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը վնասվածքի պատճառով բաց կթողնի թիմի առաջիկա հանդիպումները, հայտնում է մերսիսայդցիների պաշտոնական կայքը։

«Նա ծնկի կողային կապանի փոքր պատռվածք ունի և ժամանակ կպահանջվի վերականգնվելու համար: Նա բաց կթողնի մի քանի շաբաթ։ Նա մի փոքր կհանգստանա և հուսով եմ, որ կկարողանա վերադառնալ իր նախկին մակարդակին, քանի որ այս տղան առանցքային է եղել վերջին բոլոր հանդիպումներում: Մենք նրան շատ կկարոտենք»,- ասել է «Լիվերպուլի» մարզչական շտաբի անդամ Պեպ Լինդերսը։

Հունվարի սկզբին հայտնի դարձավ, որ 25-ամյա անգլիացին եղել է Պրեմիեր Լիգայի դեկտեմբերի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակում։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Լիվերպուլի» կազմում անցկացրել է 25 հանդիպում, դարձել 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։