«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Միլանի» պաշտպանին

«Բավարիան» մտադիր է ձեռք բերել «Միլանի» և Անգլիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ֆիկայո Տոմորիին: Այս մասին հայտնել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի խորհուրդը վերջին երկու շաբաթվա ընթացքում ակտիվորեն քննարկում է 26-ամյա անգլիացու թեկնածությունը։ «Բավարիայի» ներկայացուցիչներն արդեն դիմել են ֆուտբոլիստի հարցում, սակայն «Միլանը» դժվար թե վաճառի պաշտպանության առաջատարին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Տոմորին Լոնդոնի «Չելսիի» սան է։ Այս մրցաշրջանում պաշտպանը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է երեք գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։