Սերխի Ռոբերտոն հստակ որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

«Բարսելոնայի» ավագ Սերխի Ռոբերտոն ցանկանում է հաջորդ մրցաշրջանում մնալ թիմում։ Relevo-ի տեղեկությունների համաձայն, թեև ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին, «Բարսելոնան» դեռ կարող է նրան նոր պայմանագիր առաջարկել։

Հիշեցնենք, որ նախկինում Ռոբերտոն ակտիվորեն կապվում էր «Ինտեր Մայամի» տեղափոխվելու հետ, սակայն անձամբ՝ Ռոբերտոն, արդեն հերքել է այդ լուրերը։ Ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ իսպանացին անպայման կմնա «Բարսելոնայում»։

Սերխիո Բուսկետսի հեռանալուց հետո հենց Ռոբերտոն դարձավ «Բարսելոնայի» ավագը։ Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը 4 հանդիպում է անցկացրել Իսպանիայի առաջնությունում, որտեղ դարձել է մեկ գոլի հեղինակ։