Սերխի Ռոբերտո․ «Չեմ պատրաստվում հեռանալ թիմից»

Կատալոնական «Բարսելոնայի» ավագ Սերխի Ռոբերտոն հասկացրել է, որ մտադիր չէ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հեռանալ թիմից։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բարսայի» հետ ուժի մեջ է մինչև այս մրցաշրջանի ավարտը։

«Ես բանակցություններ եմ վարում «Բարսելոնայի» ղեկավարության հետ։ Չեմ պատրաստվում հունվարին հեռանալ թիմից։ Մամուլում լուրեր էին շրջանառվում, որ ես մոտ էի «Ինտեր Մայամի» կամ «Պալմեյրաս» տեղափոխվելուն, բայց այս ամենը սուտ է։

Ճիշտ է, ապագայում կցանկանայի MLS-ում փորձ ձեռք բերել, բայց դրա ժամանակը դեռ չի եկել»,- Ռոբերտոյի խոսքերն է մեջբերում Sport-ը։

Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» կազմում արդեն խաղում են «Բարսելոնայի» այնպիսի նախկին ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Լիոնել Մեսսին, Սերխիո Բուսկետսը և Ժորդի Ալբան։