Ժոզե Մոուրինյոն մարզչական կարիերայի հակառեկորդ է գրանցել

Սեպտեմբերի 28-ին կայացավ Իտալիայի Ա Սերիայի 6-րդ տուրի «Ջենոա» – «Ռոմա» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է «Ջենոայի» հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Լրագրող Ալֆրեդո Պեդուլլայի կայքի փոխանցմամբ՝ սա Ժոզե Մոուրինյոյի մարզչական կարիերայի վատագույնն մեկնարկն է։ Պորտուգալացի մասնագետի նախորդ հակառեկորդը գրանցվել էր 2015/16 մրցաշրջանում, երբ «Չելսին» «յուրահատուկի» գլխավորությամբ 7 միավոր վաստակեց Անգլիայի Պրեմիեր Լիգայում:

«Ռոման» վեց խաղից վաստակել է 5 միավոր և զբաղեցնում է 16-րդ տեղը Իտալիայի Ա Սերիայում:

60-ամյա Մոուրինյոն «Ռոմայում» հանդես է գալիս 2021 թվականի հուլիսից։ 2021/22 մրցաշրջանում մասնագետը հռոմեական թիմի հետ հաղթել է Կոնֆերենցիաների Լիգայի գավաթը։ Պորտուգալացի մարզչի պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսը։