Ջենարո Գատուզո․ «Թիմի նպատակը Եվրագավաթում լինելն է, իմ նպատակը՝ քառյակում»

«Մարսելի» նոր գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն խոսել է ընթացիկ մրցաշրջանում իր ու իր թիմի նպատակների մասին։

«Ինձ համար այս ընտրությունը պարզ էր։ Նախագահի հետ երկու հանդիպումների ընթացքում հինգ ժամ զրուցել ենք։ Սա միակ ֆրանսիական ակումբն է, որը հաղթել է Չեմպիոնների Լիգան։ Ես գալիս եմ մի տեղ, որտեղ շատ թեժ մթնոլորտ է, բայց դա ինձ չի վախեցնում։ Մարզչի և ֆուտբոլիստի իմ փորձը վկայում է, որ ես չեմ վախենում նման մթնոլորտից։

Ֆուտբոլիստ Գատուզոն և մարզիչ Գատուզոն տարբեր մարդիկ են: Ես հիմա այլ պատկերացում ունեմ խաղի մասին: Ես սիրում եմ գրոհներ սկսել իմ դարպասից և վերահսկել գնդակը։ Ես ուզում եմ կոմպակտ թիմ, ֆուտբոլիստներ, որոնց վերնաշապիկները քրտինքով թրջված են, և «Վելոդրոմը», վստահ եմ, ցանկանում է տեսնել նույն որակները: Բոլորին է պետք հարձակվողական ֆուտբոլ, խաղի վերահսկում և մշտական ​​գրոհներ հակառակորդի կիսադաշտում։ Ես տեսել եմ ՊՍԺ-ի հետ հանդիպումը, բայց ՊՍԺ-ն ամենածանր մրցակիցն է։ Նորմալ է, որ թիմը լավագույն հանդիպումը չանցկացրեց, բայց ինձ դուր եկավ պաշտպանների և կիսապաշտպանների վերաբերմունքը, քանի որ հանդիպումը կարող էր ավարտվել 0:10 հաշվով։ Բայց նրանք չհանձնվեցին։

Հանդիպումները հաղթում են քրտնաջան աշխատանքի շնորհիվ մեկ շաբաթվա ընթացքում: Ինտենսիվությունը կրիտիկական է: Ժամանակակից ֆուտբոլում ինտենսիվություն է անհրաժեշտ։ Ես ունեմ օգնականներ, որոնք ինձ օգնում են վերլուծել մրցակիցներին: Երբ ես նոր էի սկսել զբաղվել մարզչական գործունեությամբ, ապավինում էի իմ ճանաչած մարզիչներին, բայց տակտիկական առումով աստիճանաբար սկսեցի զարգացնել խաղի իմ տեսլականը: Ինձ ոգեշնչել են այնպիսի մարզիչներ, ինչպիսիք են Լիպպին և Անչելոտտին։

Մեր նպատակը եվրագավաթներն են։ Իմ անձնական նպատակը լավագույն քառյակում հայտնվելն է, քանի որ դա գրված է իմ պայմանագրում։ Մարդիկ պետք է գան «Վելոդրոմ», հպարտանան թիմով և վայելեն ֆուտբոլը»,- Գատուզոյի խոսքը մեջբերում է Մարսելի մամուլի ծառայությունը։