Էնրիկ Մասիպը բացատրել է, թե ինչու է Մարկ-Անդրե տեր Շտեգենը «Բարսելոնայի» ավագը

«Բարսելոնայի» նախագահի խորհրդական Էնրիկ Մասիպը խոսել է դարպասապահ և թիմի ավագ Մարկ-Անդրե տեր Շտեգենի մասին։

«Նա օրինակ է և դրա համար էլ ավագն է։ «Բարսելոնային» հավատարմությունն այս կերպ է դրսևորվում. Նա մարդ է, ով ցանկանում է շարունակել խաղալ «Բարսայում» և օգնել ակումբին: Նա երկարաձգում է պայմանագիրն ու օգնում աշխատավարձի հարցում՝ իմանալով, որ այդ կերպ կարող է գրավել ֆուտբոլիստների, ովքեր կուժեղացնեն ակումբը։ «Բարսելոնային» հավատարմությունը դրսևորվում է գործերով, ոչ թե խոսքերով։ Նա օրինակ է շատերի համար, այդ թվում՝ մանկակապատանեկան ֆուտբոլիստների»,- Մասիպի խոսքերն է մեջբերում Sport.es-ը։

31-ամյա Տեր Շտեգենը Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» սան է։ Գերմանացի դարպասապահը «Բարսելոնա» է տեղափոխվել 2014 թվականի հուլիսին։ Տեր Շտեգենի տրանսֆերի համար կատալոնացիները վճարել են 12 մլն եվրո։