«Ֆուլհեմի» պաշտպանը մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել Լիգա 1

«Ֆուլհեմի» պաշտպան Տոսին Ադարաբիոյոն մոտ ժամանակներս կարող է տեղափոխվել «Մոնակո»։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Աղբյուրի համաձայն՝ «մոնեգասկները» ծրագրում են առաջիկա մի քանի օրվա ընթացքում պաշտոնական առաջարկ անել «Ֆուլհեմին»՝ 25-ամյա հենակետային ֆուտբոլիստին գնելու համար: Նշվում է, որ ֆրանսիական ակումբը անգլիացի պաշտպանին դիտարկում է որպես պաշտպանության կենտրոնական գոտին ուժեղացնելու գլխավոր թեկնածու։

2022/23 մրցաշրջանում Ադարաբիոյոն «Ֆուլհեմի» կազմում անցկացրել է 26 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, ըստ Transfermarkt ինտերնետային պորտալի, կազմում է 16 միլիոն եվրո: