Պաշտոնական․ Հարի Քեյնը՝ «Բավարիայի» ֆուտբոլիստ

Մյունխենի «Բավարիան» պաշտոնապես հայտարարել է անգլիացի հարձակվող Հարի Քեյնի տեղափոխության մասին։

30-ամյա անգլիացու պայմանագիրը նոր ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը։ «Բավարիայի» կազմում Քեյնը հանդես կգա 9-րդ համարի ներքո։

Մինչ «Բավարիա» տեղափոխվելը Քեյնն իր ողջ կարիերան անցկացրել է Անգլիայի առաջնության թիմերում։ Հարձակվողի հարազատ ակումբը, որում նա անցկացրել է իր պրոֆեսիոնալ կարիերայի մեծ մասը, Լոնդոնի «Թոթենհեմն» էր։ Հենց այս ակումբից էլ նա տեղափոխվեց «Բավարիա»։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Քեյնի տրանսֆերը կազմել է ավելի քան 100 միլիոն եվրո:

Նախորդ մրցաշրջանում Քեյնը բոլոր մրցաշարերում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 32 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

«Բավարիայի» կազմում Քեյնը կարող է իր նորամուտը նշել այսօր՝ խաղալով «ՌԲ Լայպցիգի» դեմ Գերմանիայի Սուպերգավաթի խաղում: