Հարի Քեյնը ցանկություն է հայտնել լոնդոնյան ակումբին

«Թոթենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ցանկանում է, որ լոնդոնյան ակումբը որքան հնարավոր է շուտ համաձայնեցնի իր տեղափոխությունը «Բավարիա»: Այս մասին հայտնում է հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն իր «Թվիթեր»-ում։

Ըստ աղբյուրի՝ անգլիացի հարձակվողի ներկայացուցիչները երկու կողմերին էլ հայտնել են ֆուտբոլիստի ցանկության մասին։ Քեյնը չի ցանկանում, որ իր տեղափոխությունը տեղի ունենա Պրեմիեր Լիգայի մեկնարկից հետո, որը մեկնարկում է արդեն այս շաբաթավերջին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Թոթենհեմը» մերժել է Հարիին ձեռք բերելու «Բավարիայի» երրորդ առաջարկը։ Մյունխենի «Բավարիայի» առաջին առաջարկը՝ 70 միլիոն եվրո գումարած հարձակվողի բոնուսները, մերժվել է հունիսին: Երկրորդ առաջարկը, որով ավելացվել էր տրանսֆերի գումարը, նույնպես մերժվել է։

Transfermarkt-ի համաձայն՝ 30-ամյա հարձակվողի շուկայական արժեքը կազմում է 90 մլն եվրո: Հարրիի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է 2024 թվականի հունիսի 30-ին: