Պաշտոնական․ Դանիել Ֆարկեն գլխավորեց «Լիդս Յունայթեդը»

«Լիդս Յունայթեդն» իր պաշտոնական կայքում հայտարարել է գերմանացի մասնագետ Դանիել Ֆարկեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին իսկապես ջերմ ընդունելության համար։ Շատ շնորհակալ եմ, որ աշխատում եմ նման հիանալի ակումբում։ Ես հասկանում եմ բոլոր ակնկալիքները բավարարելու պատասխանատվությունը և ուզում եմ հատուցել իմ հանդեպ ցուցաբերված վստահությունը:

Ամենակարևորը այս ակումբում կրկին համախմբվածություն և միասնություն ստեղծելն է, և այսօրվանից ես կաշխատեմ դրա վրա իմ անձնակազմի և ֆուտբոլիստների հետ։ Հավատում եմ, որ մեր երկրպագուները այնտեղ կլինեն, երբ նրանց կարիքը ունենանք։ Անհամբերությամբ սպասում եմ մրցաշրջանի առաջին խաղին»,- ասել է նորանշանակ մարզիչը։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ֆարկեն լքել էր Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» գլխավոր մարզչի պաշտոնը։ 46-ամյա մասնագետը մեկ տարի գլխավորել է «Բորուսիան» (2022 թվականի հունիսի 4-ից)։ Նրա գլխավորությամբ թիմը զբաղեցրել է տասներորդ տեղը Բունդեսլիգայի 2022/2023 թթ.։ Գլադբախի թիմը Գերմանիայի գավաթի խաղարկությունից դուրս մնաց 1/16 եզրափակիչ փուլում՝ պարտվելով «Դարմշտադտին» (1:2):