Գրանիտ Ջական շուտով կարող է հայտնվել Լևերկուզենի «Բայերում»

«Արսենալի» 30-ամյա կիսապաշտպան Գրանիտ Ջական շուտով կարող է հայտնվել Լևերկուզենի «Բայերում»: Շվեյցարացի ֆուտբոլիստը սպասում է «Արսենալի» թույլտվությանը, որպեսզի վերջապես տեղափոխվի Գերմանիա, իր Twitter-ում հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Աղբյուրի համաձայն՝ տրանսֆերը պայմանականորեն համաձայնեցվել է դեռ մայիսին, քանի որ Ջական միայն ցանկանում է գնալ Լևերկուզենի «Բայեր», և նրան սպասում է Լևերկուզենի գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն։ Երբ Դեկլան Ռայսի հետ գործարքը ստորագրվի և վերջնական տեսքի բերվի, «Արսենալը» կհաստատի ֆուտբոլիստի հեռանալը:

Հիշեցնենք, որ Ջական «Արսենալ» է տեղափոխվել 2016 թվականին: «Զինագործները» Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» խաղացողի համար վճարել են 40 միլիոն եվրո, իսկ յոթ տարվա ընթացքում կիսապաշտպանը «Արսենալի» կազմում անցկացրել է 297 հանդիպում։

Անցած մրցաշրջանում Գրանիտը «Արսենալի» կազմում անցկացրել է 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: