Պաշտոնական․ Յուսուֆ Օտուբանջոն երկարաձգեց պայմանագիրը «Փյունիկի» հետ

Յուսուֆ Օտուբանջոն և «Փյունիկ ՖԱ»-ն երկարաձգել են պայմանագիրը մինչև 2025 թվականը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Նիգերիացի ֆուտբոլիստը թիմ է տեղափոխվել 2022 թվականի ամռանը «Արարատ-Արմենիայից»:

«Փյունիկում» Յուսուֆը անցկացրել է իր ամենաարդյունավետ մրցաշրջանը Հայաստանում` 32 խաղում դառնալով 18 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: Օտուբանջոն նաև Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայի ավարտված մրցաշրջանի լավագույն ռմբարկուի կոչումը կիսել է Լուկա Յուրիչիչի հետ` խփած 17 գոլով:

«Հիանալի զգացողություն է շարունակել ճանապարհը «Փյունիկի» հետ: Դուք հիշում եք` ինչ հաջողությունների հասանք մենք նախորդ մրցաշրջանում: Այդ ամենին հնարավոր եղավ հասնել, քանի որ մենք բոլորս միասնական էինք` երկրպագուներից մինչև ֆուտբոլիստներ ու մարզիչներ: Եվ առջևում նոր մրցաշրջանն է ու ձեզ կոչ ենք անում լինել մեր կողքին, քանի որ ձեր շնորհիվ մենք կարող էլ ավելիին հասնել»-, ասաց հարձակվողը` դիմելով երկրպագուներին:

Եվրագավաթային խաղերում էլ հարձակվողը մասնակցել է 14 հանդիպման` իր անվան դիմաց գրանցելով 3 գոլ ու մեկ գոլային փոխանցում: Հատկապես առանձնահատուկ էր Յուսուֆի գոլը Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլի Բրատիսլավայի «Սլովանի» դարպասը, որը ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքում անցկացված քվեարկության արդյունքում նախ ճանաչվել էր շաբաթվա լավագույն գնդակ, այնուհետև` խմբային փուլի ամենագեղեցիկը: