Մարցելո Բրոզովիչը կտեղափոխվի Սաուդյան Արաբիա

«Ինտերը» և «Ալ-Նասրը» ավարտել են բանակցությունները կիսապաշտպան Մարցելո Բրոզովիչի տրանսֆերի շուրջ, հայտնում է Sky Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ «ներաձուրիները» խորվաթ կիսապաշտպանին կվաճառեն սաուդյան ակումբին 25 միլիոն եվրոյի դիմաց։ Պայմանագիրը կկնքվի մինչև 2026 թվականը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ կիսապաշտպանով հետաքրքրված է նաև «Բարսելոնան»:

Բրոզովիչը «Ինտերում» հանդես է գալիս 2015 թվականի հունվարից։ 2022/23 մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրած 40 խաղում դարձել է 3 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։