Բելգիայի հավաքականի առաջատարներից մեկը նեղացել է գլխավոր մարզչից և լքել ազգային թիմի մարզաբազան

Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոն անդրադարձել է հավաքականի հիմնական դարպասապահ Տիբո Կուրտուայի ազգային թիմի մարզաբազան լքելու որոշմանը: Մադրիդի «Ռեալի» դարպասապահը EURO-2024-ի ընտրական մրցաշարի ավստրիացիների (1-1) հետ կայացած խաղից անմիջապես հետո լքել է Բելգիայի հավաքականի մարզաբազան:

Տեղեկացվում է, որ Կուրտուան նեղացել է գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյից, ով վնասվածք ստացած Կևին Դե Բրույնեի բացակայության պարագայում թիմի ավագի թևկապը փոխանցել է ոչ թե նրան, այլ Ռոմելու Լուկակուին.

«Մենք բոլորով որոշեցինք, որ Ավստրիայի հետ խաղում մեր ավագը կլինի Ռոմելուն, իսկ Տիբոն՝ էստոնացիների հետ մրցավեճում: Ամեն ինչ կարգին էր, սակայն ավստրիացիների հետ խաղից հետո Տիբոն ցանկացավ զրուցել ինձ հետ, և ասաց, որ տուն է վերադառնում, քանի որ հիասթափված և նեղացած է:

Նա ինձ համար աշխարհի լավագույն դարապասապահն է: Սիրում եմ նրա, ինչպես դարպասապահ, այնպես էլ մարդ տեսակը: Նա արժանի է ավելիին,սակայն ես՝ ցնցված եմ:

Կցանկանայի ասել, թե նա վնասվածք ունի, սակայն չեմ կարող ստել: Ես միշտ պաշտպանում եմ իմ ֆուտբոլիստներին, սակայն այս իրավիճակում դա անհնարին է»,- ասել է Դոմենիկո Տեդեսկոն: