Արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին ՊՍԺ-ի հետ երկու մրցաշրջանից հետո պատմել է իր զգացմունքների մասին։
«Ի՞նչ եմ զգում ՊՍԺ-ում խաղալուց հետո: Խառը զգացողություններ ունեմ: Ճիշտն ասած, ակումբում իմ առաջին մրցաշրջանը շատ բարդ էր՝ մի շարք պատճառներով: Երկրորդ մրցաշրջանի առաջին կեսում ինձ շատ-շատ լավ էի զգում։ Ես ինձ հարմարավետ էի զգում ակումբում, քաղաքում։ Իմ ընտանիքը լավ էր:
Մրցաշրջանի միջնամասում անցկացվեց աշխարհի առաջնությունը, և դա ազդեց բոլոր թիմերի վրա։ Առաջին անգամ նման կարևոր մրցաշար անցկացվեց խաղաշրջանի միջնամասում։ Սա նկատելի ազդեցություն ունեցավ ակումբային մրցաշրջանի ընթացքի վրա։ Ես մրցաշրջանի այլ ավարտ էի սպասում, բայց ընդհանուր առմամբ դա դժվար երկու տարի էր»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Հունիսի 3-ին ՊՍԺ-ն հայտարարեց, որ Մեսսին կհեռանա թիմից մրցաշրջանի ավարտից հետո։ Նա փարիզեցիների կազմում հանդես է գալիս 2021 թվականի ամառվանից։ Անցած մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։