«Շատ լավ տպավորություն է թողել»․ Ստյոպա Մկրտչյանը՝ Ալեքսանդր Պետրակովի մասին

«Պրոֆֆուտբոլը» զրույց է ունեցել ԲԿՄԱ-ի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան, 20-ամյա Ստյոպա Մկրտչյանի հետ։

– Ստյոպա, մրցաշրջանը ինչպիսի՞ն էր քեզ համար։ Ստացվա՞ծ էր այն։ ԲԿՄԱ-ի համար ինչպիսի՞ն էր մրցաշրջանը։
– Մրցաշրջանը ստացված էր: Ճիշտ է, խնդիրներ եղան, վնասվածքի պատճառով բաց թողեցի մոտ 2 ամիս, բայց հիմա ամեն ինչ լավ է: ԲԿՄԱ-ի աճն այս տարի երևաց: Թիմը սկսել էր կայուն ֆուտբոլ ցուցադրել հատկապես վերջին շրջանում: Իմ կարծիքով, մյուս տարի ԲԿՄԱ-ին ավելի բարձր դիրքերում կտեսնենք:

– Գալիք մրցաշրջանում կտեսնե՞նք քեզ ԲԿՄԱ-ում, թե՞, այնուամենայնիվ, նոր մրցաշրջան, նոր թիմ։
– Չեմ ուզում հստակ որևէ բան ասել, շուտով ամեն ինչ պարզ կլինի:

– «Ուրարտուի» չեմպիոնության մասին ի՞նչ կասես ու հենց «Փյունիկ» – «Ուրարտու» մրցավեճի մասին։
– Երկու թիմն էլ արժանի էր հաղթանակին: Չնայած լարված լինելուն` լավ հանդիպում ստացվեց: Շնորհավորում եմ «Ուրարտուին» չեմպիոնության համար:

– Հայաստանի հավաքականի առաջիկա խաղերին հրավեր եք ստացել։ Ի՞նչ կասեք այս մասին։
– Հավաքականի խաղերը շատ կարևոր են, պետք է լավ պատրաստվել ու լավագույնս հանդես գալ: Ունենք լավ կազմ, լավ ֆուտբոլիստներ, վստահ եմ, որ կարող ենք լավ արդյունքի հասնել ճիշտ աշխատանքի դեպքում:

– Ի՞սկ Ալեքսանդր Պետրակովի մասին։
– Չնայած, որ դեռ մեկ հավաք ենք անցկացրել միասին, բայց շատ լավ տպավորություն է թողել: Դեռ այսքանը կարող եմ ասել: