Միխայել Բալակ. «Բելինգհեմի հեռանալը մեծ կորուստ կլինի Բունդեսլիգայի համար»

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Միխայել Բալակը կարծում է, որ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը չպետք է հեռանա ակումբից այս ամառ։

«Բելինգհեմի հեռանալը մեծ կորուստ կլինի Բունդեսլիգայի համար, քանի որ նա առաջնության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա դեռ շատ երիտասարդ է, և, անշուշտ, ավելի լավ կլինի, որ նա մնա ևս մեկ տարի Դորտմունդում, որպեսզի շարունակի աճել: Նրա անհատականությունը դեռ չի ձևավորվել։ «Բորուսիայում» Բելինգհեմը բոլորի սիրելին է և հիմնական կազմի ֆուտբոլիստ: Նա պաշտպանված կլինի, եթե նույնիսկ երեք-չորս վատ խաղ անընդմեջ խաղա։ «Ռեալի» պես ակումբում դա տեղի չի ունենա, նրանք կսկսեն քննադատել նրան»,- Բալլակի խոսքերն է մեջբերում Bild-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Բելինգհեմը համաձայնեցրել է պայմանագրի անձնական պայմանները Մադրիդի «Ռեալի» հետ։ Տրանսֆերի արժեքը կկազմի 100 միլիոն եվրո գումարած բոնուսներ։

Այս մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։