Արթուր Սողոմոնյան․ «Հայաստանում նոր մարզադաշտ եմ կառուցելու»

«Պրոֆֆուտբոլը» նորից հանդիպել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ՝ այս անգամ խոսելով գալիք մրցաշրջանում թիմի նպատակների, նոր մարզադաշտ կառուցելու նպատակի և շատ այլ հարցերի շուրջ։

– Պարոն Սողոմոնյան, այս մրցաշրջանը դեռ չի ավարտվել, սակայն վստահ եմ, որ արդեն սկսել եք մտածել գալիք մրցաշրջանի մասին, ի՞նչ նպատակներ եք սահմանել։
– Ճիշտն ասած՝ հիմա վաղ է խոսել այդ մասին, քանի որ պետք է պատվով անցնել Եվրագավաթների շրջանը, ցույց տալ արդյունք՝ օգտագործելով նախորդ տարվա փորձը։ Անկասկած, մեզ համար առաջադրանք է դրված պայքարել բոլոր մրցաշարերում առաջին տեղի համար, այն է, օրինակ, եթե մենք մտնենք Եվրագավաթի խմբային փուլ։ Առաջադրանք կտրվի դուրս գալ խմբից։ Խնդիր կդրվի նաև չեմպիոնության ու գավաթի համար։ Մեզ համար առաջնային է առաջնությունում չեմպիոն դառնալը։ Անցած տարի մենք ավելի շատ կենտրոնացել էինք խմբային փուլի վրա, դրա համար մրցաշրջանի այս հատվածում ունեցանք դժվարություններ, սակայն, անկախ ամեն ինչից՝ ցանկանում ենք դուրս գալ ու ներկայացնել Հայաստանը այլ մակարդակում։ Եթե «Փյունիկը» դուրս գա խմբային փուլից, կնշանակի, որ մենք հետնապահ չենք և պայքարում ենք խմբից դուրս գալու համար։

– Ժամանակին ասել եք, որ «Փյունիկը» նոր մարզադաշտ է ունենալու։ 
– Ես հայտարարել եմ և հետ չեմ կանգնի իմ խոսքից, որ Հայաստանում մարզադաշտ եմ կառուցելու։ Կարծում եմ, որ դա անհրաժեշտ է ապագայում ֆուտբոլի զարգացման համար, քանի որ այսօր Հայաստանում, ցավոք, մարզադաշտերի թիվը քիչ է, և դրանց որակն էլ բարձր չէ, հատկապես, մենք դրանք հասկացանք Եվրագավաթային խաղերի ընթացքում։

Եթե մենք դուրս գայինք Չեմպիոնների Լիգայի խմբայի կամ նույնիսկ Եվրոպա Լիգայի խմբային փուլ, մեզ թույլ չէին տա խաղերն անցկացնել Հայաստանում։ Չեմպիոնների Լիգայում հաստատ չէինք կարող, քանի որ զգուշացրել էին, որ հայկական ակումբը, եթե դուրս գա խմբային փուլ, ստիպված կլինի հանդիպումներն անցկացնել հարևան Վրաստանում, կամ օրինակ՝ Կիպրոսում։

Հիմա մենք հեռու ենք համապատասխանող ստանդարտներից։ Ես պատրաստ եմ անել դա։ Ընդ որում, ես կարծում եմ, որ լուրջ ակումբ, ինչպիսին պետք է դառնա «Փյունիկը», պետք է ունենա իր սեփական մարզադաշտը, որը քո տունը կլինի։ Մենք չենք կարող անընդհատ մարզադաշտ վարձակալել։ Մենք պետք է «ապրենք» մեր տանը։ Դրա համար անհրաժեշտ է տարածք։ Երբ գտնենք անհրաժեշտ տարածք, կսկսենք մարզադաշտի նախագծումը։ Դա իմ երազանքն է։ Վստահ եմ, որ դա հայկական ֆուտբոլի համար շատ մեծ քայլ կլինի։