Գրենիկ Պետրոսյան․ «Հենց այդ պատճառով էլ այստեղ եմ հիմա»

«Պրոֆֆուտբոլը» զրուցել է «Փյունիկի» երիտասարդ հարձակվող, 22-ամյա Գրենիկ Պետրոսյանի հետ, ով այս պահին վարձակալությամբ հանդես է գալիս ԲԿՄԱ-ում։

– Գրենիկ կարիերան սկսել եք «Փյունիկում», հիմա ևս «Փյունիկում» եք, սակայն վարձավճարով ԲԿՄԱ-ում եք հանդես գալիս։ Ըստ Ձեզ՝ ի՞նչն է խանգարում Ձեզ՝ հաստատվելու համար «Փյունիկում»։ 
– Ըստ իս՝ դեռ ժամանակ ունեմ՝ հաստատվելու «Փյունիկում», և կփորձեմ ամեն ինչ անել այդ ուղղությամբ։ Երբ ամռանը տեղափոխվեցի «Փյունիկ», այդքան էլ լավ մարզավիճակում չէի և ունեի պրակտիկայի պակաս, քանի որ վնասվածքից նոր էի ապաքինվել։ Հենց այդ պատճառով էլ այստեղ եմ հիմա, որպեսզի լրացնեմ այդ բացն ու «Փյունիկ» վերադառնալիս լինեմ ամբողջովին պատրաստ։

– ԲԿՄԱ-ում Ձեր խաղը լավ է ստացվում։ Ի՞նչ կասեք այս մրցաշրջանի մասին և որքանո՞վ էր այն ստացված։ 
– Հիմա ԲԿՄԱ-ն շատ լավ մարզավիճակում է գտնվում, և մենք կարողանում ենք արժանի մրցակցություն ցույց տալ ցանկացած թիմի։ Շատ անգամներ անգամ չէինք զիջում ոչ մի թիմի։ Ես հիմա լավ մարզավիճակում եմ, կփորձեմ ավելացնել գոլերս, որպեսզի համարեմ հաջողված մրցաշրջան։

– Արտասահմանյան ակումբներից առաջարկներ եղե՞լ են և եթե գաղտնիք չէ ո՞ր թիմերից։ 
– Դեռևս չկա ոչ մի պաշտոնական առաջարկ, այդ պատճառով ոչինչ չեմ կարող ասել։

– Առաջնությունում չեմպիոնական պայքարը սրվել է։ Ի վերջո, ո՞ր թիմը կդառնա չեմպիոն։ 
– Այո՛, բավականին հետաքրքիր մրցաշրջան ստացվեց և թեժ պայքար է ծավալվել առաջնության վերջնամասում։ Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին» և կուզեմ, որ նրանք հասնեն չեմպիոնության։